Ազգային ժողովի շենքի դիմաց հանրային գործիչներն ու 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են՝ պահանջելով հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամբողջական զեկույցը։
Հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը նշեց, որ հասարակությունը տարիներ շարունակ սպասում է պատասխանների՝ պայմաններում, երբ երկիրը պատրաստվում է նոր ընտրություններին։ Նրա խոսքով՝ իշխանությունները երկար ժամանակ տարբեր տեղեկություններ չեն հրապարակել՝ դրանք ներկայացնելով որպես գաղտնի տվյալներ։
«Այս իշխանությունը տարիներ շարունակ չի հրապարակել այն ամենը, ինչ չի ուզել, կոծկել է «հույժ գաղտնիության» անվան ներքո։ 4-5 տարի շարունակ ասում էին՝ այս հանձնաժողովը լույս է սփռելու ամեն ինչի վրա, լինելու են դատական ակտեր, ձերբակալություններ, բայց հետո հանկարծ բոլորը դրա մասին լռեցին։ Հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են պատասխանատու պատերազմի համար»,– ասաց Գևորգյանը՝ ընդգծելով, որ հանրության տեղեկացված լինելը կարևոր է գիտակցված որոշումներ կայացնելու համար։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց պահանջը մնում է անփոփոխ՝ մինչև զեկույցի հրապարակումը և պատասխանատուների հստակեցումը։ Նրանք իրենց պահանջով նամակներ են ստորագրել, որոնք փոխանցվելու են Ազգային ժողովի խմբակցություններին։ Հավաքվածները նաև հայտարարեցին, որ ամեն օր՝ ժամը 15։00-ին, կլինեն խորհրդարանի դիմաց՝ իրենց պահանջը շարունակելու համար։
Այս պահանջը առաջ է եկել այն պահից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 1-ին հայտարարեց, որ զեկույցը չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, իսկ հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ այն չի հանրայնացվի, այլ ուղարկվել է խորհրդարանի առաջին բաժին՝ որպես գաղտնի փաստաթուղթ։